Շարմազանովն ասել է, թե երբ կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին


Շարմազանովն ասել է, թե երբ կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին
Հունիս 14 22:32 2018

Այն, որ Ադրբեջանի Մինի մեջլիսի փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով ԼՂ խնդրի լուծումը, սա արդեն ահազանգ է, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ահազանգ է ոչ միայն մեզ համար, ահազանգ է նախևառաջ միջազգային հանրության համար, առնվազն զարմանալի է, որ միջազգային հանրությունից որևէ հստակ գնահատական մենք չենք լսում», - ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի համար Արցախի հարցը հարցերի հարցն է:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որն ասել էր, թե ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է, Է. Շարմազանովն ասաց, որ Թուրքիան ուղղակիորեն փորձում է ներգրավվել ԼՂ հարցում ու այդ ներգրավվածությունը ունենալու է բացառապես բացասական նշանակություն:

Նա ընդգծեց, որ հիմա անհրաժեշտ է կայուն Արցախ:

«Բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի շուրջ, բոլորը պետք է համախմբվեն Արցախի օրվա իշխանությունների շուրջ, մենք պետք է կարողանանք միասնական լինել, հերիք է անուն դնենք մեր ղեկավարությանը, ես ասել եմ՝ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին եմ լինելու», - ասաց նա: