«Երեւան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը ձերբակալվել են. ԱԱԾ-ն հաստատում է


«Երեւան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը ձերբակալվել են. ԱԱԾ-ն հաստատում է
Հունիս 14 14:25 2018

«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: