Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում


Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում
Հունիս 13 21:33 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը:

Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ:

Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի որոշ դասախոսներ և ուսանողներ: Դրսում լարված իրավիճակ է:

Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: