Ավարտվել է Էրեբունիում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է Էրեբունիում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հունիս 13 17:50 2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

            Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:

            Մասնավորապես՝ անչափահասները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են փողոցի աջակողմյան երթևեկելի հատվածը, որի ժամանակ մոտեցել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի գերմանական համարանիշի մի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի, ուղևորների և անչափահասների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ վերջիններիս նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին:  Բացի այդ, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից վերցրած փայտե մահակով հարվածել է Երևանի բնակիչ, 2001թ. ծնված անչափահասին:

            Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

            Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե