Պատշաճ պահպանության դեպքում հնարավոր է թույլատրել սիգի արդյունագործական որս Սեւանա լճում. ԲՆ


Պատշաճ պահպանության դեպքում հնարավոր է թույլատրել սիգի արդյունագործական որս Սեւանա լճում. ԲՆ
Հունիս 13 15:50 2018

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սեւանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի եւ արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սեւանա լճում ձկան պաշարներին եւ որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։

Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչեւ 500 գրամ/ ձկան որսը եւ արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։

Առաջնահերթ դիտարկվել են նաեւ Սեւանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաեւ լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։