Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության համար անակնկալ էր. Մարուքյան


Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության համար անակնկալ էր. Մարուքյան
Հունիս 13 13:56 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մանե Թանդիլյանի հրաժարականին։ 

Նա նշեց, որ Թանդիլյանի հրաժարականն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում։ Դա անակնկալ է եղել նաեւ կուսակցության համար։

«Դա միայն Մանե Թանդիլյանի անձնական որոշումն էր։ Կուսակցության համար նրա որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», - ասաց նա։

Մարուքյանը նշեց, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը։