Վրացական ԶԼՄ-ները հայտնել են մոտ ժամանակներս երկրի վարչապետի հրաժարականի մասին


Վրացական ԶԼՄ-ները հայտնել են մոտ ժամանակներս երկրի վարչապետի հրաժարականի մասին
Հունիս 12 20:27 2018

Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ նշանակալի փոփոխություններ, մասնավորապես՝ իր պաշտոնից կհեռանա երկրի վարչապետը: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղական ռադիոյին:

 

Վրացական «Առաջին ռադիո»-ի տեղեկություններով՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կհեռանա իր պաշտոնից: Նրա հետ միասին հրաժարական կտա արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեն և մշակույթի նախարար Միխաիլ Գիորգաձեն:

 

Հաղորդվում է, որ ժամանակավորապես՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատվելը, վարչապետի պարտականությունները կկատարի ներքին գործերի գործող նախարար և առաջին փոխվարչապետ Գեորգի Գախարիան:

 

«Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ ոչ ոք չի հաստատում, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության շրջանակներում վաղուց խոսում են կառավարությունում նախատեսվող փոփոխությունների մասին»,- հայտնել է «Առաջին ռադիո»-ն: