Հայկական «Աղորիքը» կարտահանվի Միացյալ Նահանգներ


Հայկական «Աղորիքը» կարտահանվի Միացյալ Նահանգներ
Հունիս 6 13:40 2018

Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Ս Ընդ Ս» ընկերությունը արտահանման նախնական պատվեր է ստացել ամերիկյան դիստրիբյուտորից։ Ընկերությունը ներկայացնում է «Աղորիք» ապրանքանիշը, որի ներքո արտադրվում են մակարոնեղեն և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ «Աղորիք» ապրանքանիշով Միացյալ Նահանգներ կարտահանվեն մակարոնեղենի հայկական ավանդական տեսակներ (արիշտա, թաթարբորակի), բոված մակարոնեղեն։

«Դեպի Միացյալ Նահանգներ արտահանումների գործընթացում Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան սննդամթերք արտադրողների և ՏՏ ընկերությունների խնդիրները հավաքագրվել և ներկայացվել են Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստում, որին հետևել են մի շարք ընկերությունների բանակցությունները ամերիկյան դիստրիբյուտորների հետ ու արտահանման գործարքներ կնքել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության բաժնի կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

«AAA Food» դիստրիբյուտորական ընկերության հետ պայամանագիր է կնքվել, որը ստանձնել է «Աղորիք» ապրանքանիշի ներկայացուցչի պարտականությունները Միացյալ Նահանգներում։

«ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել տարբեր դիստրիբյուտորների հետ և նախնական խմբաքանակների արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ներկայում աշխատում ենք փաստաթղթավորման և բեռնափոխադրումների կազմակերպման հարցերի շուրջ, որի ընթացքում նույնպես ստանում ենք Բիզնես Արմենիայի աջակցությունը»,- նշել է «Ս Ընդ Ս» ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Ասրիյանը։

ԱԱռաջին, փորձնական խմբաքանակը կարտահանվի շուրջ 2 ամսից, իսկ հիմնական արտահանումը տեղի կունենա 2019 թվականից։