Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին
Մայիս 26 19:12 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտած օրինախախտումներին: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ գումարները հետ են վերադարձվելու բյուջե:

 

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ բացահայտման կապակցությամբ  չեմ անի, ինչը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու որևէ փորձ: Նախաքննությունն ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասել է վարչապետը, հավելելով, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես պարզվել էր, որ «Նորֆոլկ» ընկերությունը անօրինական եղանակով 7 միլիոն դոլար է ստացել: