Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին


Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին
Մայիս 26 15:38 2018

Վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում շարունակվող լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում:

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է կայացրել լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քնեսեթում բանաձևի քննարկման կոնկրետ օր չի սահմանվել, բայց այլ աղբյուրների հաղորդմամբ` քննարկումը տեղի է ունենալու մայիսի 30-ին:

Միջանկյալ նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին էր Քնեսեթ ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկմանը զուգահեռ Իսրայելի խորհրդարանում աշխատում են մեկ այլ օրինագծի վրա, որի նպատակն է ճանաչել Թուրքիայում բնակվող քրդերի անկախությունը:

Նախագծի վրա աշխատող հրեա օրենսդիրներից Օդեդ Ֆորերը Քնեսեթի ամբիոնից ասել է.

«Քուրդ ժողովուրդը տարիներ շարունակ ճնշվում է: Վերջին շաբաթներին թուրքական կառավարության և Էրդողանի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով անհրաժեշտ է վերանայել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: Իսրայելը, Թուրքիայի քրդական շրջանների անկախությունը ճանաչելով, կատալիզատորի դեր պիտի ստանձնի»:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Բողոքի ակցիաների պատճառը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի նախաձեռնությունն էր, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Պաղեստինում ու իսլամական աշխարհում:

Ուժ կիրառելու համար Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատում են իսրայելական իշխանություններին:

Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ էր հայտարարվել, ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպաններին:

Աղբյուր` ermenihaber.am