Դուք ձեւավորել եք մեր միտքն ու հոգին․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին


Դուք ձեւավորել եք մեր միտքն ու հոգին․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Մայիս 22 12:59 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:

Ուղերձում ասված է.

«Սիրելի Վարպետ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս եւ երեխաներս:

Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձեւավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան եւ ամեն ինչ, որ ֆրանսիական է:

Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում:

Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս եւ հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներեւակայելի մեծ առաքելություն է, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգեւել մարդկությանը:

Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ: Թող ստեղծագործական եռանդն ու ոգևորությունն այսուհետ ևս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»: 



loading...