Փաստաբանների նամակը՝ ՀՀ նախագահին


Փաստաբանների նամակը՝ ՀՀ նախագահին
Մայիս 20 22:49 2018

Հայաստանի Փաստաբանների պալատի շուրջ 200 փաստաբան մայիսի 19-ին արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը և տեղեկացրել, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել Փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը», -նախագահին ուղղված նամակում գրել են փաստաբանները։

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Հայաստանի նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված առաջին թեկնածուն Էմիլ Բաբայանն էր, որին ակտիվորեն պաշտպանում էր Հանրապետական խմբակցությունը, ով, սակայն, մայիսի 4-ին կայացած ընտրություններում չընտրվեց:

Սահմանադրությամբ ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների 3/5-ով կամ առնվազն 63 պատգամավորի «կողմ» քվեարկությամբ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքով՝ Էմիլ Բաբայանին կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 3 պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը, անսալով թեկնածուի առաջադրման շուրջ իրավաբանական հանրության դժգոհություններին, չմասնակցեց քվեարկությանը:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, առաջին ընտրություններից տասն օր հետո կազմակերպվում է երկրորդ փուլ, սակայն 10 օրն անցել է, բայց ընտրություն չի կազմակերպվել: