24 տարի բանտում.Հիմա անհամբեր ու սպասողական վիճակ է. Արսեն Արծրունի


24 տարի բանտում.Հիմա անհամբեր ու սպասողական վիճակ է. Արսեն Արծրունի
Մայիս 17 21:48 2018

ԱՆ քրեակատարողական վարչության պետի թույլտվությամբ «Հետքը» «Արմավիր» ՔԿՀ-ում հարցազրույց է վարել 24-րդ տարին բանտում գտնվող «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու հետ: 

Արսեն Արծրունին առաջին ցմահ դատապարտյալն է, ով 2007-ին ընդունվել է Երևանի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Դրական օրինակ է հանդիսացել խցակիցների և ևս 5 ցմահ դատապարտյալների համար, ովքեր ընդունվել են բուհեր: 2013-ին 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ:

-Հիշո՞ւմ եք 90-ականների «Նուբարաշենը»: 

-1998-ին մեզ տեղափոխեցին «Նուբարաշեն» բանտ՝ ВМ բաժինը (Высшая мера-հեղ.) մահապատժի դատապարտվածների խցեր, որտեղ մարդիկ պարզապես մեռնում էին: Մարդիկ շատ դժվարությամբ էին դիմանում, փոքր սենյակներ էին, մեջը 12 հոգի: Հերթով քնել-զարթնել: Էդ ժամանակ 4 խուց էր: Սենյակում 8 հոգի էր, 4 մահճակալ, գետինը՝ ասֆալտ, պատերը՝ ջուր, գետինը՝ մի տեղում լճակ: «Նուբարաշենը» ինձ համար ցնցում էր, որ առհասարակ նման բան կա: Խցերի վիճակը եթե տեսնեիք… ոչ մեկն անգամ իր գոմը էդպես չի պահի: Հատուկ ամեն ինչ սարքված էր, որ մարդիկ մեռնեն: Երբ մտա 88 խուցն էր, եթե չեմ սխալվում, երկու մահամերձ կար, գոռգոռոց, ցավեր, բժիշկ չէր գալիս հաճախ: Հաջորդ ամսվա մեջ էդ մարդիկ մահացան: Այո՛, խցում մահանում էին մարդիկ, հոտ էր տարածվում, ահավոր տեսարան էր: Իսկ երբ գալիս էր հանկարծ բժիշկը, ասում էիր՝ գլուխս է ցավում, հարցնում էր՝ ինչ գործով ես նստած, պատասխանում էիր, օրինակ, սպանության: Բժիշկը նորից հարցնում էր՝ կին, աղջիկ եղել է, քանի անձ է սպանվել: Ու կապված դատապարտյալի պատասխանից՝ ասում էր միջոցը: Եթե գործիցդ բարկացած էր լինում, ասում էր՝ չայ խմի: Եթե, օրինակ՝ մեկ մարդու սպանության հոդվածով էր դատվածը, 1 հատ պարացետամոլ էր տալիս:

1991-2002 թվերը երկուսից մեկը մեռնում էր: Էն մարդիկ, ովքեր 90-ականներից են գնացել էդ շենք, լավ գիտեն, թե ինչ մեթոդներից է օգտվել համակարգը: Այսինքն՝ հիվանդության պարագայում չօգնել, առողջ մարդուն տանել գժի մոտ, որպեսզի գիժը մաշցնի: Չթողեն, որ սնվեն, տաքանան, ծեծեն, պետության անունից սպանությունը կատարեն:

-Ինչո՞ւ էին ծեծում: 

-Առանց պատճառի, քանի որ մահապարտ էին, կարելի է ծեծել, ինչ ուզես, անես…գրաֆիկով ծեծի տարիներ են եղել:

-Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

-Խցում կոմպյուտեր եմ դրել, ինձ թույլ են տվել կոմպյուտերով զբաղվել, էդ կոմպյուտերով գիրք եմ կարդում՝ հոգեբանության հետ կապված:

Հիմա անհամբեր ու սպասողական վիճակ է, որը հաճելի է, բայց մի քիչ տանջալի, բոլորի մոտ այդպես է: Շատ-շատ մեծ սպասումներ կան Նիկոլ Փաշինյանից, հատկապես նրանք, ովքեր սուտ պատճառներով են նստած, էդպիսիք շատ կան և նաև նրանք, որոնք քրեական օրենսգրքի փոփոխություն են սպասում:

Նյութն ամբողջությամբ կարդալ այստեղ.