ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով

ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով
Մայիս 17 21:23 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ  նաև վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին ՀՀԿ-ի կողմից նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնելու, հակահեղափոխություն իրականացնելու ցանկության վերաբերյալ: «Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե ոմանց թվում է, որ քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ապա  նրանք հայտնվել են ոչ ճիշտ իրավիճակում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ՝ իր գաղափարական կարևոր ծրագրերը կյանքի կոչելով և որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ ռևանշիզմի, ոչ էլ հակահեղափոխության: