Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը


Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը
Մայիս 17 20:08 2018

2018թ. մայիսի 17-ին Բելառուսի Հանրապետության  Գոմել քաղաքում տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը։
Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազը, Բելառուսի Հանրապետության նախագահի խորհրդականը և Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահը:

Միջոցառման ժամանակ քննարկվել է երեք պետությունների  իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ներկաներին՝  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է,որ նիստի ընթացքում  կքննարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ «Համատեղ նիստերը նպաստում են մինչդատական վարույթի արդյունավետությանը՝ փորձի փոխանակմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ հաղթահարել, լուծել միջազգային-իրավական համագործակցության ընթացքում ի հայտ եկող  խնդիրները։ Վստահ եմ,որ կոլեգիայի արդյունքում  մշակված առաջարկություններն օգտակար կլինեն և կնպաստեն  երեք երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը»,- ասել է Ա.Հովսեփյանը։

ՀՀ ՔԿ նախագահը  հանդես է եկել  նաև զեկույցով՝ տեղեկատվական հասարակության մեջ նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու ռազմավարության վերաբերյալ և ներկայացրել առկա խնդիրներն ու առաջարկություններ: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեն տեսակետ է հայտնել առ այն, որ երեք երկրների քրեադատավարական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների  ներդրումը հնարավորություն կտա կառուցողական երկխոսություն անցկացնել և կատարել հերթական քայլը նյութական ծախսերի օպտիմալացման ճանապարհին:

Այսօրվա քննարկումների արդյունքներով՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: