ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Հայաստանին եւ Արցախին հատկացվող օգնությունն ավելացնել


ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Հայաստանին եւ Արցախին հատկացվող օգնությունն ավելացնել
Մայիս 17 18:00 2018

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Կոնգրեսի օտարերկրյա հատկացումների կոմիտեին կոչ են արել  Հայաստանին եւ Արցախին հատկացվող օգնությունն ավելացնել, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Փալոնեի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն պետք է արտացոլի Հայաստանի անկախության ամրապնդման հանձնառությունը, նպաստի Արցախի խաղաղությանը եւ աջակցի Մերձավոր Արեւելքից փախստականների համար ապահով ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը: Կոնգրեսականն ընդգծել է, որ Հայաստանում խաղաղ ցույցերը հանգեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական եւ արդար ընտրությանը:

Նա նաեւ նշել է, որ հայերի նկատմամբ բռնությունները շարունակվում են այդ թվում Ադրբեջանի ռազմական օգնության պատճառով եւ կոչ է արել դադարեցնել Ալիեւի վարչակարգին ռազմական օգնություն տրամադրելը:

Փալլոնեն խնդրել է Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն եւ 10 միլիոն դոլար ռազմական օգնության եւ նախաատրաստման համար: