Մենք միասին կառուցելու ենք մեր Երևանը.Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա


Մենք միասին կառուցելու ենք մեր Երևանը.Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա
Մայիս 16 19:20 2018

«Ես եղել եմ ձեր կողքին ու միշտ ձեզ հետ եմ։ Մենք միասին կառուցելու ենք մեր Երևանը», - այսօր քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով իր կողմնակիցների «Տարո՜ն-Տարո՜ն» վանկարկումներին։

 

Նկատենք, որ այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ցուցարարներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նրանք բողոքում էին, որ դեռ մի քանի ամիս առաջ Մյասնիկյանի արձանին հարող տարածքի այգում հատվել էին ծառեր և այնտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ավելի ուշ ցուցարարներին միացան Տարոն Մարգարյանի համակիրները, որոնք, ըստ տարբեր լուրերի, Ավանի բնակիչներ են, ու սկսեցին ցուցարարներից պաշտպանել քաղաքապետին։

 

Բնակիչների հետ շփվելուց հետո Մարգարյանին լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ ավելի շուտ չի եկել քաղաքապետը, չի խոսել ցուցարարների հետ, քաղաքապետը պատասխանեց, որ այլ վարչական շրջաններում աշխատանքային հանդիպումներ է ունեցել։

 

«Փորձեցի շատ արագ ավարտել աշխատանքներս ու միանալ մեր համաքաղաքացիներին՝ լսելու թե իրենց դժգոհությունները, ինչու չէ, լսելու իմ կողմնակիցներին, ովքեր եկել են քաղաքապետարանի դիմաց ու պահանջներ են ներկայացնում», - հայտարարեց Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրենք իրենց ծրագիրն են հետևողականորեն իրականացնում։

 

Ինչ վերաբորւմ է այսօր ցուցարարների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենք ներխուժելուն, Մարգարյանն ասաց. «Ես դատապարտում եմ, հստակ երևում է, որ օրենքի խախտում է կատարվել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են խանգարել քաղաքապետարանի աշխատանքը։ Կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին զբաղվել այս հարցով»։

 

Երևանի քաղաքապետի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն անկախ մարմին է և կատարում է իր աշխատանքը և «նման անօրինականություններն իրենք չեն հանդուրժի»։