Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 4-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 4-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Մայիս 16 00:43 2018

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արշակ Մեսանյանի վարած Opel Astra մակնիշի 34 RT 213 համարանիշի և Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ժորա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 505 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող, Գյումրի քաղաքի բնակիչ, 4-ամյա Մարկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: