Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նոր նախարարը նախկինում ՀՔԾ քննիչ է եղել (ֆոտո)


Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նոր նախարարը նախկինում ՀՔԾ քննիչ է եղել (ֆոտո)
Մայիս 13 17:03 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նախկինում եղել է Հատուկ քննչական ծառայության քննիչ։

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Հակոբյանին նախարար նշանակելու վերաբերյալ։ Հակոբյանը նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով։

Աշոտ Սուրիկի Հակոբյան

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ, ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում:

Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարեւոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ:

2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:

2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության` մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:

2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի տեղակալ:

2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների: 

Աշոտ Հակոբյանը վերջին տարիներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։

Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



loading...