Մի քանի դիտարկում՝ ներկա համաժողովրդական շարժման հաջողված ընթացքի վերաբերյալ

Մի քանի դիտարկում՝ ներկա համաժողովրդական շարժման հաջողված ընթացքի վերաբերյալ
Ապրիլ 29 19:30 2018

Վերջին մի քանի օրերին վերլուծական շրջանակների հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ի՞նչ է լինելու մայիսի 1-ին, այլև, թե ինչպե՞ս Նիկոլին հաջողվեց այս համաժողովրդական շարժումը ու հանրային` տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը նոր՝ ակտիվ ռելսերի վրա դնել ու հասնել նրան, որ Ս.Սարգսյանը հրաժարական տա, ինքը մեծագույն հավանականությանը դառնա վարչապետ, այն պարագայում, երբ այս պահի դրությամբ ինքը Աժ-ում փաստացի փոքրամասնություն կազմով քաղաքական ուժի ներկայացուցիչ է:

 

 

Երկրորդ հարցի պատասխանները և այն պայմանները, որոնք այս ամենի համար նպաստավոր հող ստեղծեցին շատ են: Թվարկեմ միայն մի քանիսը.

- կուտակված դժգոհությունների սահմանային բնույթը, 

- «PR» տեխնոլոգիաները, որոնք հաշվի առնելով ներհայաստանյան նախորդ շարժումների անփառունակ փորձը, կարողացան այս անգամ առավել արդյունավետ կազմակերպել քաղաքական շարժման գործընթացը՝ շեշտը դնելով առաջին հերթին «քաղաքացիականության» վրա,

- ներիշխանական բուրգում առկա ուժային թևերի հարաբերությունների/մրցակցության բնույթը և բարձրագույն քաղ. էլիտայի՝ երկրի հասարակական-քաղաքական իրողություններից կտրվածությունը, իրողությունների ոչ սթափ գնահատականն ու նրան ոչ համարժեք արձագանքը,

 

Միգուցե կարելի է այս ցուցակը շարունակել, սակայն ես կկենտրոնանամ մեկ՝ իմ կարծիքով կարևորագույն գործոնի վրա. դա ուսանողությունն էր: Առանց ուսանողության վստահ եմ Նիկոլը չէր հաջողի (սա ականջահաճո ձևակերպում չի, հաշվի առնելով ՖԲ ընկերներիս ցանկում ուսանողների քանակական կշիռը, այլ օբյեկտվ իրականություն: Ինձ մի քիչ ճանաչողը գիտի, որ «ականջահաճո կարծիք» ձևակերպման հետ ես անգամ հեռվից կապ չունեմ)): Ուսանողների՝ շարժմանը միանալը ունեցավ մուլտիպլիկատիվ էֆեկտ երկրով մեկ ու հարյուրապատկվեց արդեն քաղաքացիական-քաղաքական շարժման ներուժը:

 

Սակայն նշեմ, որ «ուսանողների» գործոնի կարևորությունը, զուտ շարժմանը միանալու մեջ չէ, այլ այն գործընթացները նախաձեռնելու մեջ, որոնք սկսեցին դեռ նախորդ` 2017-ի վերջին ամիսներից: Հենց դա նաև մեծ թափ հաղորդեց Նիկոլի շարժմանը: 

Իսկ ուսանողական շարժումը, որ տեխնոլոգիապես բավական գրագետ էր կազմակերպված ու քաղաքացիական մասնակցության դրսևորում էր, աշխատում էր ցանցային մոդելով, սոցիալական, գիտակրթական ու մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրները վերհանելու ու լուծելու օրակարգ էր սահմանել իր առջև: Լինելով օբյեկտիվ՝ նշեմ, որ այն ինստիտուտները և ԲՈՒՀ-երը, ուր առկա խնդիրների լուծմանն էին ուղղված այս շարժումները, հակադարձելու համարժեք գործիքակազմի չէին տիրապետում և դա երևաց գործընթացի գրեթե բոլոր փուլերում:

 

 

Այսօր ունենք մի վիճակ, երբ քաղաքացիականության աճը նաև ուսանողության շրջանում դեռևս էյֆորիկ, էմոցիոնալ հարթակում է և կարիք կա այն առավել ինստիտուցիոնալ, կազմակերպչական հուն տեղափոխել: Իհարկե տեսանելի են որոշակի քայլեր այդ ուղղությամբ, սակայն պետք է ֆիքսել, որ գործընթացի արդյունավետության համար պետք է ինքնակազմակերպվել ու հատ-հատ օրակագ բերել կոնկրետ ոլորտներում առկա խնդիրները ու նոր իրողություններին համահունչ դրանց լուծման քննարկելի ու խելամիտ տարբերակներ առաջ քաշել:

 

Ալեն Ղևոնդյան. Ֆեյսբուք

loading...