Արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ վարչապետի թեկնածու (տեսանյութ) Ա1+


Արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ վարչապետի թեկնածու (տեսանյութ) Ա1+
Ապրիլ 24 21:27 2018

Ինչո՞ւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ միայն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ համաժողովրդական զարթոնքի այս պահին ժողովրդի կողքին են: «Ես իմ լիազորությունների սահմաններում քվերակությամբ եմ հանդես եկել՝ ես դեմ եմ քվեարկել Սերժ Սրագսյանին»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան:

            Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը քաղաքացիական անհնազանդության օրերին հանդես է եկել հայտարարություններով, որտեղ միայն գնահատականներ է տվել կամ դատապարտել ցուցարարների նկատմամբ բռնությունները: Արդյոք հետագայում էլ կմիանան Նիկոլ Փաշինյանին առաջադրած օրակարգին, այն է՝ ԱԺ արտահերթ ընտրություններ: «Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է կարեւոր, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան», նշեց Վահե Էնֆիաջյանը:

            «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որից հետո կորոշի՝ ԱԺ-ում իրենք կողմ են քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությա՞նը, թե ոչ: «Երբ մեր գործընկերներին ուզում էին անձնեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքն է, որ միասնական չի մասնակցել եւ թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշման վրա մենք են նպաստ ունեցել», ասաց Վահե Էնֆիաջյանը:

            Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանն անձամբ է մասնակցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներին եւ նույնպես դեմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Շարժմանն աջակցելը միայն փողոցային պայքարին մասնակցելով չի լինում: Նման դեպքերում փողոցային պայքարը, թերեւս, ամենահուսալին է, բայց չի կարելի ասել, որ եթե մենք խմբակցությունով փողոց դուրս չենք եկել, ուրեմն չենք աջակցել: Հիմնազուրկ է պնդումը, թե մենք կողմ ենք եղել գործող վարչակազմին»:

            Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոր վարչապետը պետք է լինի ժողովրդի համար նախընտրելի մարդը, արդյոք այդ բնորոշմանը կարող է հավակնել Գագիկ Ծառուկյանը. «Հիմա չեմ կարող հայտարարել՝  Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞, թե ոչ, գուշակությամբ չեմ կարող զբաղվել: Մի քանի օր սպասեք ու ամեն ինչ պարզ կլինի»:

            Նրա կարծիքով՝ տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության շարժումը որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի սեփականաշնորհել ու իր անունից ներկայացնել՝ սա ժողովրդի հաղթանակն է: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ եթե գործընթացները դրան տանեն, ապա «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ ձայն կստանա, քան ունի: