Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Թբիլիսիում


Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Ապրիլ 24 20:45 2018

Ապրիլի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ, դեսպաններ ու Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով իր ելույթում, մասնավորապես նշեց, որ Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր բնօրրանում տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի։ Դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը և առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան իր մեջ քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելմանը՝ դեսպան Սադոյանը նշեց, որ հայ ժողովուրդը, վերապրելով ցեղասպանությունն ու բնաջնջման վտանգը, այսօր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարում դարձել է առաջամարտիկ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմեր։

Այնուհետև, ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի կատարումները։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացալեզու գրքույկի շնորհանդեսը։