Էրդողանի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին


Էրդողանի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին
Ապրիլ 24 16:31 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին։

«Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում կյանքից զրկված օսմանահպատակ հայերի հիշատակին և անկեղծ ցավակցություն հայտնում նրանց զավակներին ու թոռներին»։

Թուրքիայի նախագահը ոգեկոչել է նաև նույն ժամանակահատվածում համաճարակներից, պատերազմից ու բախումներից զոհված օսմանահպատակ մյուս քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ թուրք ազգն իր պատմության ընթացքում ոչ թե մրցակցության է դրել իր վիշտն այլոց վշտի հետ, այլ՝ կիսել այն։

«Թուրք ազգի խղճից և բարոյախոսությունից է բխում՝ մեր հայ քաղաքացիների պատմական վշտին ապրումակցելն ու այն կիսելը։ Մենք որևէ կերպ թույլ չենք տա, որ մեր քաղաքացին իր հավատքի, կրոնի, ծագման պատճառով օտար համարվի կամ տարբեր վերաբերմունքի արժանանա։ Հավատ ունեմ, որ մեր հայ քաղաքացիների ներդրումը մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում կշարունակվի ու կավելանա», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն իր խոսքը եզրափակել է բազմանշանակ կոչով․

«Խնդրում եմ Ձեզ, որ առաջվա պես այսուհետ ևս չաջակցեք նրանց, ովքեր փորձում են աղավաղել մեր ընդհանուր անցյալը և քեն, ատելություն ու թշնամանք տարածել»։

Աղբյուր`  ermenihaber.am