Նիկոլ Փաշինյանը և Կարեն Կարապետյանը այս չորեքշաբթի հանդիպելու են «Մարիոթ» հյուրանոցում


Նիկոլ Փաշինյանը և Կարեն Կարապետյանը այս չորեքշաբթի հանդիպելու են «Մարիոթ» հյուրանոցում
Ապրիլ 23 21:00 2018

Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ բանակցություններից, ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից, Հանրապետության Հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին: Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և ձեր անունից արեցի իմ առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացում հրաժարական տվեց», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունն իր առաջին կարևոր հաղթանակն է տարել, բայց օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց է դրված:

«Քայլ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Դա արդեն տեղի ունեցած է: Քայլ երկու՝ ԱԺ -ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից առաջ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, դրանից հետո ՀՀ-ում տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նկատեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չորեքշաբթի՝ ժամը 11:00-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում, պատրաստ են շարունակել բանակցությունները իշխանության անցնցում անցման շուրջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցության վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ և ԼՂՀ համար», - հավելեց նա՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը պետք է պատրանք չունենա, որ ստեղծված իրավիճակում կարող են ստվերային կառավարումը շարունակել: