Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ
Ապրիլ 23 16:04 2018

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար:

Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ:
Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:

Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:

Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:

Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները: