Միակ ճանապարհը երկխոսությունն է․ Արմեն Սարգսյան


Միակ ճանապարհը երկխոսությունն է․ Արմեն Սարգսյան
Ապրիլ 23 13:46 2018

Մենք, որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված: Այս մասին, քիչ առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք բոլոր խնդիրները, պրոբլեմներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, լուծումներ գտնելով, բանակցելով», -ասաց նա։

ՀՀ նախագահը նշեց, որ սա է իր հիմնական կոչը։ «Որևէ մեկը չպետք է հանկարծ կասկածի, որ մենք, որպես հայ՝ անկախ նրանից այսօրվա խնդիրները ինչպիսին են, մենք միասնական պետք է լինենք, որովհետև կյանքը շարունակվում է և էլի հարյուր տարի մեր ազգային արժանապատվությունը և մեր խնդիրները պետք է պաշտպանենք», – ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալմանն ու այն բանին, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ՀՀ նախագահն ասաց, որ այդ հարցով շատ մտահոգված է։

«Եթե դուք սահմանադրությունը լավ գիտեք, ՀՀ նախագահի լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա», – ասաց նա։

Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է։