Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը


Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը
Ապրիլ 22 19:15 2018

Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտության, եւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, վարչապետի  մամուլի քարտուղարը նշել է. «Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել:

Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:

Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը: