Ինչ են խոսել նախագահն ու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում


Ինչ են խոսել նախագահն ու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում
Ապրիլ 21 21:34 2018

Արմեն Սարգսյանի հետ զրույցում ես ասել եմ, որ այստեղ հավաքվածները գիտեն իրավիճակի լուծումը՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Պարոն Սարգսյանն ասաց՝ «հիմա ի՞նչ, Դուք ասո՞ւմ եք, որ ընդհանրապես խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա», ես ասացի՝ որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման և իշխանափոխության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները, և ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել», - հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նախագահի հարցին, թե որտե՞ղ և ի՞նչ ձևաչափով է Փաշինյանը պատկերացնում բանակցությունները, «Իմ քայլը» շարժման առաջնորդն ասաց, որ Սերժ Սարգսյանին չի կարող հրավիրել Հանրապետության հրապարակ, քանի որ այնտեղ չի կարող երաշխավորել՝ վերջինիս ներկայությամբ իրավիճակը վերահսկելի կլինի:

«Նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, որովհետև ես ինքս այդպիսի տեղերում չեմ խոսի ու չեմ գնա: Ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ չեզոք վայրում, օրինակ, Մարիոթ կամ որևէ այլ հյուրանոցում: Ես հստակ արձանագրեցի, որ մեր բանակցային պրոցեսի միակ թեման իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունն անցնցում ձևով փոխանցելու օրակարգն է, ուրիշ թեմա մեզ համար օրակարգային չի կարող լինել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: