«Ազատության» լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


«Ազատության» լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Ապրիլ 21 20:54 2018

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ժամը 15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաև դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

 

ՀՀ քննչական կոմիտե



loading...