«Սասուն - Տարոն» հայրենակցական միությունը միանում է վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական երկխոսության կոչին


«Սասուն - Տարոն» հայրենակցական միությունը միանում է վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական երկխոսության կոչին
Ապրիլ 21 20:49 2018

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: 

«Վերջին օրերին Երևան քաղաքում ընթացող առաջին հայացքից քաղաքացու իրավունքների ազատ դրսևորման տպավորություն թողնող ցույցերն ու երթերը աստիճանաբար վեր են ածվում երկրի սահմանադրական կարգին և քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի։ Օրեցօր ծավալվող թույլատրելիության սահմանն անցնող երևույթներն ու բազմաբնույթ կոչերը ամենևին չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների կամքը և չեն նպաստում մեր միաբանությանը, համազգային սիրուն և ողջամտությանը։

 Հայաստանի անկախ և ազատ հանրապետությունը եղել է բնօրրան հայրենիքը ճարահատ կորցրած մեր մեծ հայրերի ու մայրերի սրբազնագույն բաղձանքը։ Արցախի հաղթանակած ազատությունը եղավ նրանց անմեռ հիշատակին մեր համազգային արժանապատվության վեհացած վկան։ Ուստի այսօր սահմանին կանգնած զինվորին ու սահմանապահ քաղաքացուն պետք է թիկունքի խաղաղությունը, սերն ու զորությունը։

Հանուն մեր կայուն ու ներդաշնակ խաղաղության, հանուն անկորուստ մեր ընթացքի, հանուն մեր քաղաքակիրթ մնալու, հանուն աշխարհի քարտեզի վրա մեր վաստակած հեղինակության, կոչ ենք անում զերծ մնալ ծայրահեղություններից, բացառել մարտնչող չարության լեզուն և գնալ երկխոսության։ Իրավունքների և պարտականությունների զուգընթաց գոյության միակ լեզուն երկխոսությունն է։

«Սասուն - Տարոն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական երկխոսության կոչին։ Հորդորում ենք բոլոր ողջամիտ մարդկանց, հասարակական և քաղաքական ուժերին իրենց նպաստը և աջակցությունը բերել այդ երկխոսության կայացմանը»,- ասված է միության տարածած հայտարարությունում: 



loading...