Ես հակված չեմ մտածելու, որ այդ հարցի լուծումը թողնում ենք հաջորդ սերունդերին, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` պատասխանելով դիտարկմանը, որ հաջորդ սերնդին թողնում ենք Արցախի չլուծված հարցը:
«Գուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, դրա հետ է կապված: Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի, մենք մեր դիրքորոշումները չեն փոխելու Արցախի հարցում: Երբ դուք ասում եք «ուրիշ», ես մտահոգվում եմ, ուրիշ` այսինքն՝ ի՞նչ, Հայաստանում կարո՞ղ են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնեն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա մի քիչ անհասկանալի է: Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը գնում, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այսպիսի բան լսելով», - ասաց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ խնդիրը կարող է լուծվել, երբ ադրբեջանցիներն ազատվեն պատրանքներից, որ փոխզիջում նշանակում է զիջում միայն հայկական կողմից:
«Մենք այլ ճանապարհ չունենք: Եթե ունենայիք, առանց զիջումների ասեինք` ամբողջը մերն է և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք այսպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չի, խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը», - ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ դաշնակից երկրների հետ աշխատանքը շատ կարևոր է, մինչդեռ առաջնային խնդիրը ՀՀ ԶՈՒ մարտունակության պահպանումն ու զարգացումն է:










