Ինչպիսին մարդն է, այնպես էլ իր իրականացրած քաղաքականությունն է. Ա. Հովհաննիսյան


Ինչպիսին մարդն է, այնպես էլ իր իրականացրած քաղաքականությունն է. Ա. Հովհաննիսյան
Ապրիլ 17 16:15 2018

Կառավարության հաջողության համար իրականում չափազանց մեծ կարևորություն ունի դրա ղեկավարը, ով տեղյակ է անցած ճանապարհից, մասնակցել է երկրի կերտման գործին, ունի ինստիտուցիոնալ հիշողություն, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ կենտրոնանում է ոչ թե երեկվա, անցած ժամանակների խնդիրների վրա, այլ ապագայի խնդիրների լուծման վրա։  Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հենց այս արժանիքների կրողն է․ նա այնպիսի պետական, քաղաքական գործիչ է, ով կարող է պատասխանատվություն ստանձնել թե՛ արածի, թե՛ չարածի համար։ «Հաջողակակ են այն կառավարությունները, որոնք շեշտը դնում են երկարաժամկետ հեռանկար ունեցող զարգացումների, լուծումների վրա։ Դա բեռ է, որի համար պետք է պատասխանատվություն կրել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց՝ քաղաքականության մասին կան տարբեր բնութագրիչներ կան, այդ թվում շատ բացասական։ «Մարդիկ քաղաքականության մասին խոսելիս դա անցկացնում են իրենց միջով և նմանատիպ բնութագիր տալիս։ Ինչպիսին մարդն է, այնպես էլ իր իրականացրած քաղաքականությունն է։ Իմ խորին համոզմամբ՝ քաղաքականությունը ոչ միայն հնարավորի, այլև հաճախ անհնարինի արվեստ է։ Ինչպես Չերչիլն էր ասում՝ առաջնորդ լինելը տեսլական է և պատասխանատվություն և ո՛չ ամենևին իշխանություն», – հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։

Դիմելով «Ելքի» գործընկերներին, ովքեր քննադատել էին Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ տված խոստումները չի կատարել՝ Հովհաննիսյանն ասաց, որ պետք է թվարակել ու ներկայացնել նաև այն խոստումները, որոնք Սերժ Սարգսյանը կատարել է: