Քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ. Ս. Սարգսյան


Քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ. Ս. Սարգսյան
Ապրիլ 17 13:41 2018

«Այսօր Ազգային ժողովի ամբիոնում որպես վարչապետի թեկնածու կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը, այլ խորհրդարանական մեծամասնություն կազմած ուժի ղեկավարը»,- ԱԺ ամբիոնից որպես ՀՀ վարչապետի թեկնածու իր ելույթում ասաց ՀՀԿ և ՀՅԴ կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը:

Նա նշեց` առկա մարտահրավերների պարագայում քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ:

«Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին պետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համակարգելու ու վտանգը չեզոքացնելու համար, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք: Ինձ համար` որպես ՀՀԿ ղեկավարի, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է: Երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ», – ասաց Սերժ Սարգսյանը: