Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը. վարչապետի թեկնածու


Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը. վարչապետի թեկնածու
Ապրիլ 17 13:21 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքով՝ Ադրբեջանը միլիոնավոր նավթադոլարներ է տրամարդել ու տրամադրում իր բանակի հարստացմանը և հոխորտալու առիթը բաց չի թողնում: Այս մասին նա նշեց քիչ առաջ խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը: Միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին դիմելով՝ Նիկոյանը հարցրեց՝ ըստ Ձեզ՝ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ժամանակ իր պլանավորածի որ մասով կարողացավ խնդիրները լուծել, և որոնք են ապրիլյան պատերազմի դասերը:

«Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով մենք առաջին դաս պետք է համարենք այն, որ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ ցանկություններն ու մոտեցումները ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Թե որքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրարգրերը, կարծում եմ՝ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե, ոչ»,-պատասխանեց վարչապետի թեկնածուն:

Ըստ նրա՝ հաջորդ դասն այն է, որ մենք ցանկացած ժամանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք հայկական զինվորի ու սպայի ոգին բարձր պահելուն, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու, նոր սպառազինությունների ձեռքբերման, սեփական սպառազինությունների արտադրությանը:

«Բոլորդ վկան եք եղել այն բարեփոխումների, որ իրականացվում են մեր զինված ուժերում: Բայց ինչ-որ ապագայում է լինելու, լինելու է, բայց այն, ինչ որ արդեն արվել է՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալրի խնդիրների ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն մեզ վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը»,-եզրափակեց ՀՀ 3-րդ նախագահը: