Հայաստան-2018. ավանդույթներն ու արդիականությունը. «Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին


Հայաստան-2018. ավանդույթներն ու արդիականությունը. «Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին
Ապրիլ 10 10:00 2018

Միջպետական «Միր 24» հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմում ներկայացվում է ավանդույթները պահպանելու միջոցով նոր ժամանակների նոր երկիր կառուցելու՝ հայերի ունակությունը:

Ֆիլմի մեկնարկին հեռուստաընկերության թղթակից Աննա Պարպուրան նշում է, որ Հայաստանի մասին խոսելիս միանգամից պատկերացնում են Արարատ լեռը, որի ողջ գեղեցկությունը բացվում է միայն այդ երկրի տարածքից:  «Այստեղ արդիականությունը համապատասխանում է հավերժականությանը, իսկ ճամփորդը ոչ միայն զբոսաշրջիկ է, այլ ցանկալի հյուր: Վերջին 10 տարիներին Հայաստանը փոխվում է, երեխաների համար ապագայի դպրոցներ են ստեղծում, իսկ արդյունքներն արդեն երևում են: Մենք կպատմենք, թե ինչպես պահպանելով ավանդույթները` հայերը նոր ժամանակների նոր երկիր են կառուցում»,- ասում է լրագրողը:

Ֆիլմում անդրադարձ կա «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքին, որտեղ դասերից հետո այցելում են բազմաթիվ երեխաներ` զարգացնելու իրենց կարողությունները: Անդրադարձ կա նաև հայկական հեռախոսների Armphone հեռախոսին: Նշվում է, որ հեռախոսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես սփյուռքահայերը:

Անդրադարձ կա նաև հայկական դուդուկին, գորգագործությանը: Նշվում է, որ Հայաստանում ամեն տարի 3 հազարով ավելանում է մեքենաների թիվը, ինչի հետևանքով հատկապես մայրաքաղաք Երևանում շատանում են մեքենաները ու հաճախ են դարձել խցանումները: