Մինասյանի պաշտոնավարումը Սուրբ Աթոռում առանձնահատկորեն ընդգծում է հայ-վատիկանյան հարաբերություններում ծաղկման մի յուրահատուկ շրջան.Ֆարմանյան


Մինասյանի պաշտոնավարումը Սուրբ Աթոռում առանձնահատկորեն ընդգծում է հայ-վատիկանյան հարաբերություններում ծաղկման մի յուրահատուկ շրջան.Ֆարմանյան
Ապրիլ 6 19:25 2018

Armday.am - ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ, ով ներկա է եղել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: 

-Պարոն Ֆարմանյան  սա կարծես Հայաստանի Հանրապետության երրորդ ձեռքբերումն է Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագից, Հռոմի Պապի ՀՀ այցից հետո, ինչո՞վ եք Դուք կարևորում այս ամենը։

-Գրիգոր Նարեկացու արձանը առաջինն է, որ տեղադրվել է Վատիկանյան պարտեզներում, ով պատկանել է ո’չ կաթոլիկ աշխարհին։ Պետք է արձանագրել, որ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրումը վատիկանյան պարտեզներում ինքնին պատմական նշանակության իրադարձություն է և պատմական նշանակությունը ընդգծելու համար բավարար է մտովի տեղափոխվել 5 դար հետո, երբ ցանկացած հայորդի աշխարհի, որ ծայրից էլ որ լինի, այցելելով կաթոլիկ աշխարհի կենտրոն՝  Սուրբ Վատիկան, առիթը կունենա տեսնելու Գրիգոր Նարեկացու արձանն և ևս մեկ անգամ համոզվելով, թե ինչ պատմական հետագիծ ունի հայ ժողովուրդը՝ որպես քրիստոնյա պետություն և, թե ինչպիսի կարևոր եկեղեցական մեծություն է եղել Գրիգոր Նարեկացին։

 

Արձանի տեղադրումը խորհրդանշական էր նաև այն առումով, որ ամփոփում է հայ առաքելական եկեցեղու և Սուրբ Աթոռի, Հայաստանի հանրապետության և Վատիկանի միջև  ծաղկման շրջանը՝ վերածննդի շրջանը, որ մենք ունեցանք վերջին տարիներին: Այդ առումով արձանի տեղադրմամբ յուրահատկորեն ամփոփվում է մի  ամբողջ ժամանակաշրջան, որը կարելի է բնորոշել որպես Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի հարաբերությունների ծաղկման  և մեր քույր եկեղեցիների միջև երկխոսության  և համագործակցության խորացման  ժամանակաշրջան։  

 

Հատուկ ուզում եմ ընդգծել այն ջանքերը, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը՝ դեսպան Մինասյանի ղեկավարությամբ  գործադրել է այս ամբողջ  ընթացքում՝  նման պատմական նշանակություն ձեռք բերելու նպատակով։  Սա հպարտության աղբյուր է ցանկացած հայի համար , աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինի:

-Ձեր տպավորությունները ինչպիսի՞նն են եղել հենց այդ պահին, երբ մեր՝ հայերիս, պատմության կարևոր դրվագներից մեկն էր արձանագրվում արձանի բացմամբ:

 

- Բոլորս տեղեկացված լինելով  մեր ժողովրդի անցած հազարամյակների  փառավոր ճանապարհի մասին,  մեր օրերում  հատուկենտ իրադարձություններ են լինում, որոնք խորհրդանշորեն ներկայացնում են այն մեծությունը, այն պատմականությունը որով ընթացել է դարերի միջով մեր ժողովուրդը, ահա Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրման պահը, պաշտոնական բացումը և օծման արարողությունը մեզ մտովի վերադարձնում է այն պատմական մեծ անցյալը, այն մեծ ժառանգությունը, որը մենք թողել ենք որպես հետագիծ համաշխարհային պատմության, ինչպես նաև քրիստոնեական պատմության մեջ, որը և ընդգծում է մեր ժողովրդի հաստատուն տեղը։  Էմոցիոնալ առումով իսկապես չափազանց հուզիչ էր։ Ի դեմս Գրիգոր Նարեկացու՝  ներկայացված է մի ողջ ժողովուրդ՝ իր քրիստոնեական հավատքով և իր անցած հերոսական ճանապարհով։

-Պարոն Ֆարմանյան հիմա Դուք գտնվում եք Վատիկանում և հետաքրքիր է խոսել եք դեսպան Մինասյանի հետ, հետագայում արդյոք  կա՞ն ծրագրեր, որոնք այսչափ պատմական կլինեն: 

 

- Դեսպան Մինասյանի պաշտոնավարումը Սուրբ Աթոռում առանձնահատկորեն ընդգծում է հայ-վատիկանյան հարաբերություններում ծաղկման մի յուրահատուկ շրջան, որը եթե մենք հետ  շարժվենք մտովի, մեր պատմության ընթացքում, շատ հաճախ  չէ, որ եղել է:

Միայն փաստը, որ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հինգ անգամ հանդիպում է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, սա չափազանց խոսուն վիճակագրություն է, շատ չեն այն երկրների առաջնորդները, կամ անգամ եկեղեցական առաջնորդները, ովքեր նման պատվի են արժանացել, սա խոսում է այն մասին, որ իսկապես դեսպան Մինասյանին իր պաշտոնավարման  այս ընթացքում  հաջողվել է իր նախաձեռնություններով  պատմական բնորոշումը տալ այն ձեռքբերումներին, որը  մենք ունեցել ենք:

Պապ  Ֆրանցիսկոսի այցելությունը Հայաստան, որը հենց ինքը բնորոշեց ուխտագնացություն  որպես առաջին քրիստոնյա  պետություն, 2015 թ․  Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած անմոռանալի պատարագը մատուցված Ցեղասպանության զոհերի հիշատակին և ահավասիք  երեկ վատիկանյան պարտեզներում Գրիգոր Նարեկացու  բրոնզաձույլ արձանի տեղադրումը։

Արձանը ինքնին արվեստի տեսանկյունից չափազանց տպավորիչ է, չափազանց ներդաշնակ է այն  միջավայրին, որտեղ այն տեղադրված է Վատիկանյան պարտեզների և Սուրբ Պետրոս տաճարների հարևանությամբ և  խորհրդանշում է առաքելական և կաթոլիկ եկեղեցիների եղբայրությունը  և այն պատասխանատվությունը, որ երկու եկեղեցիները ունեն հետևորդների հանդեպ։ Ես շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, առահասարակ աշխարհի բոլոր հայերին, այս պատմական էջը կերտելու համար, չափազանց ուրախ եմ, որ դեսպան Մինասյանին  և իր աջակիցներին՝ ի դեմս բարերար Արթուր Ջանիբեկյանի, մեզանից յուրաքանչյուրն ունեցավ հպարտանալու և ոգեշնչվելու ևս մեկ առիթ և հնարավորություն։