Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու. Կանխատեսումն ուժի մեջ է. Գագիկ Սուրենյան


Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու. Կանխատեսումն ուժի մեջ է. Գագիկ Սուրենյան
Ապրիլ 4 12:08 2018

Այսօր գիշեր Լոռու մարզում տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Մարզի Վանաձորի ու Սպիտակի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում, որտեղ բերքատու ծառերը ծաղկել էին, այս գիշեր առատ ձյուն է տեղացել: Հատկապես տուժել է ծիրանենին:

 

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը լուսանկարներ են տեղադրել՝ գրելով, որ ծաղկած ծառերը պատվել են ձնով:

 

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այլ մազերում, որտեղ ծառերը ծաղկել են, ձյան տեղումներ չեն արձանագրվել:

 

«Ծաղկած ծառերի վրա ձյուն է եկել միան Լոռու մարզում՝ Վանաձորի ու Սպիտակի հատվածներում», ասաց նա: Միաժամանակ, Սուրենյանը հավելեց, որ վնասի չափի մասին իրենք տեղեկություն չունեն:

 

Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու նաև Արարատյան դաշտի համար: Գագիկ Սուրենյանն ասաց, որ իրենց՝ ավելի վաղ արած կանխատեսումն ուժի մեջ է՝ սպասվող գիշեր հողի մակերևույթին -2…-3 աստիճան ցուրտ է արձանագրվելու: «Այս կանխատեսումների մասով փոփոխություն չկա, նույն ջերմաստիճանն է սպասվում»,- նշեց նա:

 

Հավելենք, որ մասնագետները հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում են առաջիկա գիշերվա ընթացքում միջոցներ ձեռնարկել ցրտահարության դեմ: