Սուրբ Զատկի խորհուրդը և սեղանի պարտադիր կերակրատեսակները


Սուրբ Զատկի խորհուրդը և սեղանի պարտադիր կերակրատեսակները
Մարտ 28 19:22 2018
 

Այս տարի Ապրիլի 1–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որնայլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Զատիկ բառն առաջացել է զատում բառից՝ անջատում, փոփոխում: Դա պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է մարդկության մեղքերից ազատումը, թողությունն ու վերադարձը դեպի աստվածայինը, և Քրիստոսն է այն նոխազը, այն զոհը, որի միջոցով մարդկությունը մեղքերի թողություն է  ստանում, արժանանում կյանքի, հետո նաև հարության շնորհի:

 

Կարևոր է նշել, որ Զատիկի օրը փոփոխական է: Այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Հարության այս գարնանային խորախորհուրդ տոնն ամեն տարի համընկնում է մարտի 22-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածին:

 

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”: Այսպիսի խոսքերով են քրիստոնյաներն այս օրը դիմավորում մեկմեկու, որին որպես պատասխան հաջորդում է դիմացինի “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”արտահայտությունը:

 

Պետք է նշել, որ Զատիկը տոնում են ոչ միայն քրիստոնյաները: Այլ դավանքանքի հարող ժողովուրդներից շատերի մոտ այն ևս նշվում է՝ որպես ձմռանից զատում և դեպի գարունը, հետևաբար նաև վերածնունդը ընթանալու խորհրդանիշ:

Հայկական ավանդույթների համաձայն Զատկի տոնին հայ տանտիկինները սեղանին են դնում կարմիր ներկված ձվեր: Ձուն սկզբի, նոր սաղմնավորվող կյանքի խորհրդանիշն է, այն նաև խորհրդանշում է աշխարհը, իսկ կարմիր գույնի ընտրությունը կապվում է Քրիստոսի՝ մարդկության մեղքերի ու քավության արժանանալու համար թափված արյան հետ:

Ժամանակակից աշխարհում ընդունված է Զատկի ձվերի գույնզգույն ներկումը, որն ըստ եղկեղեցական ավանդույթների, ոչ մի կապ չունի տոնի հետ, ավելին, եկեղեցու կողմից հորդորվում է  նախընտրել միայն կարմիր գույնը: Ի դեպ, կարմիր գույնը ստանալու բնական տարբերակներից Հայաստանում ամենից շատ նախընտրում են սոխի կեղևն ու տորոնի արմատը: Արևելյան երկրներում ապրող քրիստոնյաներն այս գույնը ստանում են նաև զաֆրանի շնորհիվ: Արհեստական տարբեր տեսակի սննդային գունանյութեր ևս օգտագործվում են՝ ցանկալի կարմիրը ստանալու համար:

Ծիսական սեղանին ըստ ավանդության պետք է լինի նաև խաշած ձուկ, կաթնահունց, տարբեր տեսակի վայրի կանաչիներ, բրնձով ու չամիչով փլավ, ինչպես նաև կարմիր գինի:

Այս կերակրատեսակներից յուրաքանչյուրն իր խորին խորհուրդն ու նշանակությունն ունի:

Խաշած ձուկը ոգեկոչում է անապատում Քրիստոսի կողմից սնունդը հրաշք կերպով բազմացնելու ու սովահար հավատացյալներին կերակրելու աստվածաշնչյան պատմությունը:

Ըստ Նոր կտակարանի ձկան խորհրդանիշը կապվում է  նաև Քրիստոսի անվան հետ ուղիղ կերպով. Քրիստոս անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է` իխտուս:

Բրնձով ու չամչով փլավը ևս կարևորր խորհուրդ ունի: Այս տոնին սեղաններին նաև կարևոր տեղ ունեն ամեն տեսակի ծլովի հատիկեղեն: Իսկ հենց սպիտակ բրնձի ընտրությունը զատկական ավանդական փլավի համար ևս պատահական չէ: Չամիչը քրիստոնյաներն են, որոնց հավատի շնորհիվ էլ մարդկությունը մաքրվում է: Այդ մաքրության խորհրդանիշն էլ հենց սպիտակ բրինձն է:

Զատկայան ծիսական սեղանները զարդարում է  նաև կաթնահունցը, որը հաճախ կլոր ձևավորում ունի ու հյուսքի տեսքով է պատրաստվում: Կլոր շրջանը հավերժական շարժման խորհրդանիշն է, իսկ այ հյուսքը, ինչպես նաև հացահատիկը, որից այն պատրաստված է, խորհրդանշում են կրկին ու կրկին բնության զարթոնքն ու կյանքի շարունակականությունը:

Էլ ինչ զատկական սեղան, առանց հայկական կարմիր գինու: Գինին հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Չէ՞ որ խաղողի որթն է Աստծո կողմից օրհնված ու առաջինը Աստծուն որպես արարիչ ընդունած ժողովրդի խորհրդանիշը: Արարատյան դաշտում աճող ոսկեհատ խաղողից ծնված գինով է, որ քրիստոնյա ժողովուրդը շնորհավորում է  մեկմեկու:

Ըստ ավանդության, Զատկին նախորդող շաբաթ օրն արդեն կարելի է պատրաստել զատկական ծիսական կերակրատեսակներն ու ճրագալույցի պատարագից հետո ընտանիքի անդամների հետ նստել ծիսական սեղանի շուրջ՝ շնորհավորանքներով հիշատակելու Քրիստոսի հրաշափառ Հարությունը:



loading...