Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Մարտ 18 01:22 2018

Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները մարտի 17-ին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա 2018-2019 թվականներին նորածինների ֆենիլկետոնուրիա հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ անցած տարվա ապրիլին նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժման համար։

Լևոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը:

Լևոն Ալթունյանը նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար, պատասխանել արցախցի բժիշկների հարցերին։