Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի և Չեխիայի նախագահները


Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել  Վրաստանի և Չեխիայի նախագահները
Մարտ 13 20:00 2018

ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

​Հայաստանը կարևոր գործընկեր է նաև բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ: