Արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձը հետաքրքրական է Լիտվայի համար


Արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձը հետաքրքրական է Լիտվայի համար
Մարտ 13 15:38 2018

Մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, տարածաշրջանի 5 երկրների Լիտվայի դեսպաններին, ինչպես նաև՝ Լիտվայի ԱԳՆ-ի Արևելյան գործընկերության քաղաքականության պատասխանատուներին: Այցելության նպատակներից էր նաև՝ ծանոթանալ արտակարգ իրավիճակների կառավարման, կանխարգելման և արձագանքման հայկական փորձին: Հյուրերն այցելեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի հագեցվածությանը, ինչպես նաև «911/112» ծառայությունների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների և բնակչության պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները՝ նաև Եվրամիության հետ Հայաստանի երկկողմանի համագործակցության համատեքստում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ հայ-լիտվական համագործակցության ոլորտում սպասվում են նոր շեշտադրումներ ուղղված բնակչության պաշտպանության, պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Նախարար Տոնոյանը շեշտեց, որ աշխատանքներ են տարվում ակտիվացնել բնակչության պաշտպանությանն ու պատրաստվածությանն ուղղված միջոցառումները նաև ՆԱՏՕ-ի ձևաչափում:

Շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձին ծանոթանալու հնարավորության համար՝ դեսպան Է. Պետրիկասը նշեց, որ արտակարգ իրավիճակների կենտրոնացված (մեկ պատուհանի սկզբունքով) կառավարման հայկական փորձը կարող է օգտակար լինել Լիտվայի համար, ինչպես նաև բարձր գնահատեց արդյունաբերական առանձնապես վտանգավոր օբյեկտների հանդեպ սահմանված շուրջօրյա մոնիթորինգային համակարգի աշխատանքը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը Լիտվական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված համապետական և միջազգային մի շարք միջոցառումների. ինչպիսիք են՝ հունիս ամսին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքները և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համապետական վարժանք, Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ):