Որքա՞ն փող է ծախսվել մարտի 8-ին քաղաքապետի կողմից գումար-քարտեր բաժանելու վրա. Փոստանջյանի հարցումը


Որքա՞ն փող է ծախսվել մարտի 8-ին քաղաքապետի կողմից գումար-քարտեր բաժանելու վրա. Փոստանջյանի հարցումը
Մարտ 12 13:22 2018

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է հայտնել, թե Երեւանի քաղաքապետարանում մարտի 8-ի առթիվ գումար-քարտերի բաժանումը որքան ծախս է կազմել բյուջեի վրա՝ համարելով այն կոռուպցիոն երեւույթ:

Երեւան քաղաքի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանին ուղղված հարցման մեջ Փոստանջյանը նշել է.

«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետեւյալի մասին.

«Կոռուպցիան Հայաստանում համարվում է էնդեմիկ եւ համատարած երեւույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»:

Համաձայն Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիաի` կոռուպցիան սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը եւ հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաստատությունների եւ հասարակության բարոյական հիմքերի կայունությունը:

Այն, որ Երեւանի քաղաքապետարանը տարիներ շարունակ յուրացնում է հանրային միջոցները եւ մնում անպատիժ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն այն փաստը, որ հանրային միջոցները որպես գումար-քարտ կարող են բաժանվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին նվերի տեսքով մարտի 8-ի կապակցությամբ՝ բնութագրում է Տարոն Մարգարյանի կողմից հերթական ապօրինությունը եւ դիտվում է որպես կոռուպցիոն երեւույթ:

Այսպես՝ 2018 թվականի մարտի 7-ին Երեւանի քաղաքապետարանում բաժանվել են գումար-քարտեր, որը, ըստ շրջանարվող լուրերի, պարունակել է 20. 000 դրամից մինչեւ 200. 000 հազար դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում, որ իրավական ակտի հիման վրա է տեղի ունեցել 20.000 դրամից մինչեւ 200.000 հազար դրամ գումար-քարտի բաժանումը: Երեւան քաղաքի բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել այդ 20.000 դրամից մինչեւ 200.000 հազար դրամ գումար-քարտերի գնման համար: Ովքե՞ր են ստացել այդ 20.000 դրամից մինչեւ 200.000 հազար դրամ գումար-քարտերը»: