Ռեկտորի կողմից խախտվել են էթիկայի սկզբունքները. Հ. Խորիկյանն ու Գ. Համբարյանը՝ էթիկայի ժամանակավրեպ հանձնաժողովին


Ռեկտորի կողմից խախտվել են էթիկայի սկզբունքները. Հ. Խորիկյանն ու Գ. Համբարյանը՝ էթիկայի ժամանակավրեպ հանձնաժողովին
Մարտ 5 08:02 2018

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2018 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՐԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԵԿՏՈՐԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2017 թվականի հունվարի 30-ի նիստում հաստատվել են համալսարանի էթիկայի սկզբունքներն ակադեմիական աշխատակազմի, ուսանողների և մասնագիտական բնույթի ծառայությունների գծով կառավարման բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար:
Փաստաթուղթը հիմնված է կրթության ոլորտի 14 սկզբունքների վրա:
Բուհի ռեկտորի կողմից խախտված են էթիկայի հետևյալ սկզբունքները.
1. Ազնվության սկզբունքի 1.2.5 ենթակետը, այն է. հավատարիմ մնալ «Ազնիվ ու թափանցիկ հաշվապահություն» սկզբունքին՝ խուսափելով ցանկացած ֆինանսական խարդախություն կամ գողություն կատարելուց (օրինակ՝ պայմանագրերի բաշխման և գնումների գործընթացներում):
Համալսարանի ռեկտորը, ըստ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի կողմից ներկայացված հաշվետվության, խախտել է
• «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը:
• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 4-րդ գլխի 16-րդ և 17-րդ կետերը:
• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 17-րդ գլխի 108-րդ կետը:
• 2017 թվականին պրոֆեսորադասախոսական կազմի հետ պայմանագրերը կնքել են սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 2-ին: 2017 թվականի սեպտեմբեր ամսին աշխատավարձը վճարվել է ոչ թե 2017 թվականին գործող աշխատանքային պայմանագրերով, այլ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի պայմանագրերով (փաստորեն պայմանագրերը հետադարձ ուժ ունեն): Ըստ ԿԳ նախարարության արձանագրության` քանի որ ճիշտ ժամկետում (2017 թվականի օգոստոս) գործատուն չի լուծարել պայմանագրերը, հետևաբար այն դարձել է անժամկետ: Ցանկացած աշխատանքի դիմաց կազմակերպությունն իրավունք ունի վճարում կատարելու միայն պայմանագիր կնքելուց հետո, այլ ոչ թե ռեկտորի հրամանով: Ռեկտորը, իրեն վերապահված լիազորությունները չարաշահելով, խախտել է աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածը, այն է. «Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի»: Եթե ռեկտորը մեկնաբանում է, որ սեպտեմբերին գործել են անժամկետ համարված 2017 թվականի պայմանագրերը, ապա վճարումը ևս պարտավոր էր իրականացնել նշված պայմանագրում կամ համաձայնագրում ամրագրված գումարով:
• «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 40 կետի 18 ենթակետը և 135 կետի ենթակետերը:

2. Ճշմարտացիության սկզբունքի 1.3.1 ենթակետը, այն է. բարձրագույն կրթության համակարգում տիրող բոլոր հարաբերություններում չստել, ասել ճշմարտությունը:
Համալսարանի ռեկտորը, ըստ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի կողմից ներկայացված հաշվետվության, խախտել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, ինչպես նաև «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Սոցիոլոգիա» մասնագիտությունների գծով խախտվել է ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի 808-Ն որոշմամբ հաստատված «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, այսինքն` այս մասնագիտությունների մասնագիտական առարկաների գծով առկա չեն հիմնական 3 գիտական աստիճան և/կամ կոչում ունեցող անձինք:
Այսպիսով, ռեկտորը խախտել է վերոնշյալ սկզբունքը՝ ստելով և´ ԿԳՆ-ին, և՛ այդ մասնագիտություններով սովորող ուսանողական համակազմին, ինչպես նաև ծնողներին:

3. Ճշմարտացիության սկզբունքի 1.3.4. ենթակետը, այն է. դրսևորել հարգանք քննադատական հիմնավորված վերլուծությունների, մտքերի ազատ փոխանակման և խոսքի ազատության նկատմամբ:

Ռեկտորը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Հովհաննես Խորիկյանի նկատմամբ, երբ ամբիոնում հանդիպման ժամանակ վերջինս հիմնավորել է, որ մագիստրատուրայի ընդունելությունը չի կարող կազմակերպվել` ով որտեղ ուզում է, կարող է դիմի և ընդունվի սկզբունքով, քանի որ խախտում ենք մագիստրատուրայի ընդունելության կարգը (ընդ որում` խախտումները հաստատեց նաև ԿԳ նախարարության ստուգումներ իրականացնող աշխատանքային խումբը), և ավելին, հնարավոր չէ ոչ հարակից մասնագիտությամբ ընդունված ուսանողները մագիստրատուրայի թեզ գրեն, այն էլ որակով կամ ընտրովի դասընթաց ընտրեն: Ամբիոնի բոլոր աշխատակիցների մոտ ռեկտորն ասաց, որ Խորիկյանը դիլետանտ է (2016 օգոստոսի վերջին), և ռեկտորն ինչպես հարմար է գտնում, պետք է այդպես էլ իրականացնի, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց ստել ու զրպարտել, որ Խորիկյանը այս բոլորը անում է, քանի որ նախորդ տարիներին մագիստրատուրայի ընդունելությունից գումար է աշխատել: Ռեկտորը տարրականորեն զրպարտում է, քանի որ անձը երբևիցե ներգրավված չի եղել մագիստրատուրայի ընդունելության մեջ:

4. Թափանցիկության սկզբունքի 1.4.1 ենթակետը, այն է. կազմել և տրամադրել ազատ և բաց տեղեկատվություն իրենց ծավալած գործունեության և լիազորությունների սահմաններում՝ չխախտելով անձնական տվյալների գաղտնիության լիարժեք պահպանումը.
Ռեկտորն իր ծավալած ֆինանսական գործունեության վերաբերյալ ազատ և բաց տեղեկատվություն չի տրամադրում, ավելին` անգամ պարտավոր է: Բուհի կայքէջում բացակայում են ինչպես 2016, այնպես էլ 2017 թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2017 թվականի նախահաշիվը և 2016 թվականի փոփոխված նախահաշիվը: Մինչև հիմա գիտական խորհրդին չի ներկայացրել 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և 2018 թվականի նախահաշիվը:
5. Վստահության սկզբունքի 1.6.2 ենթակետը, այն է. աշխատանքային գործունեության ընթացքում վստահել վերադասներին և իրենց ենթակայության տակ գտնվողներին:

Ռեկտորի կողմից խախտված է վերոնշյալ սկզբունքը, քանի որ Հովհաննես Խորիկյանին` որպես ամբիոնի վարիչի չի վստահել դասաբաշխումը ինքնուրույն իրականացնելու իրավունքը, անընդմեջ միջամտել է, ավելին` պատռել դասաբաշխումը երկու պրոռեկտորների ներկայությամբ (Ա. Ֆարմանյան, Բ. Պողոսյան):

6. Հավասարության, արդարության և սոցիալական արդարության սկզբունքի 1.9.3 ենթակետը, այն է. կրել պատասխանատվություն հավասարության, արդարության և սոցիալական արդարության վերաբերյալ քաղաքականություն մշակելու, ներդնելու, մշտադիտարկելու առումով, եթե զբաղեցնում են ղեկավարման և կառավարման բարձր պաշտոններ

• Ռեկտոր – 700 000 + 85 000 (դասախոսական աշխատանքի համար, երբ չի մտել երբևէ լսարան) դրամ
• Օգնական – 250 000 դրամ
• Խորհրդական -300 000 դրամ
• Ռեկտորի գործավար-200 000 դրամ
• Ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն – 350 000 դրամ
• Որակի կենտրոնի տնօրեն – 350 000 դրամ
• Գլխավոր հաշվապահ- 350 000 դրամ
• Գլխավոր ֆինանսիստ- 350 000 դրամ
• Բժիշկ- 250 000 դրամ
Ի հակադրություն դրա` բուհի լրիվ մեկ դրույք ծանրաբեռնված պրոֆեսորադասախոսական կազմին տրամադրում է.
• պրոֆեսոր – 210 000 դրամ
• դոցենտ – 180 000 դրամ
• գ/թ, ասիստենտ – 170 000 դրամ
• դասախոս – 150 000 դրամ

Խախտված է սոցիալական արդարությունը, քանի որ գիտական կոչում և աստիճան չունեցող անձինք չեն կարող վճարվել կրկնակի բարձր, եթե չունեն հատուկ գործառույթներ և հմտություններ (օրինակ` գրադարանային գործի հետ ընդհանրապես կապ և հմտություններ չունեցող, գիտական աստիճան, կոչում չունեցող անձը կարող է վճարվել կրկնակի բարձր, քան 1 դրույք ծանաբեռնված գիտությունների թեկնածու դասախոսը, ռեկտորի խորհրդականը, որը չունի գիտական կոչում և աստիճան, կարող է վճարվել պրոֆեսորի աշխատավարձից 90 000 դրամ բարձր, ռեկտորի օգնականը, ով 2016 թվականին ավարտեց մագիստրատուրան, կարող է իրեն դասավանդող դասախոսներից 100 000 դրամ ավելի աշխատավարձ ստանալ և այսպես շարունակ): Ռեկտորը, չարաշահելով իր լիազորությունները, բուհի կառավարումը իրականացնում է սոցիալական անհավասարության սկզբունքով:
7. Որակյալ կրթություն սկզբունքի 1.11.3 ենթակետը, այն է. մշակել բարձր որակի կրթություն տրամադրելու քաղաքականություն և ընթացակարգեր՝ ապահովելով անհրաժեշտ պատշաճ միջոցներ դրանց իրականացման համար, եթե զբաղեցնում են ղեկավարման և կառավարման բարձր պաշտոններ:
Ռեկտորը խախտում է վերոնշյալ սկզբունքները, քանի որ կեղծ լիցենզիաներ ձեռքբերելուց բացի «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Սոցիոլոգիա» մասնագիտությունների գծով մասնագիտական դասընթացները, իր պատկերացրած քաղաքականության համաձայն, դասավանդում են պատահական մարդիկ: Օրինակ, «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ ուսանողներին չի դասավանդում ոլորտի և ոչ մի գիտությունների թեկնածու, ավելին` դասավանդում են համապատասխան բազային կրթություն չունեցող դասախոսներ: Ռեկտորը փորձում էր Խորիկյանին ստիպել համաշխարահային պատմության դասընթացները տրամադրել հայոց պատմություն դասավանդող դասախոսին, քանի որ նրա համար ոչ թե որակյալ կրթությունն է կարևոր, այլ ծանոթ-բարեկամը, միջանձնային հարաբերությունների սրումը: Մագիստրատուրայի ընդունելության` իր կողմից հորինված քաղաքականության հիման վրա ծայրահեղ անորակ կրթություն են ստանում բուհի ավելի քան 100 մագիստրոսներ, քանի որ կապ չունեն մասնագիտության հետ (դեղագործությունից-իրավագիտութուն կամ հոգեբանություն, անգլերեն լեզվից-կառավարում և այլն): Ռեկտորի թեթև ձեռքով համահամալսարանական «Հայոց պատմություն» դասընթացին հատկացվել է մեկ կիսամյակում ընդամենը 48 ժամ, այն դեպքում երբ դասընթացը պետք է իրականացվեր 2 կիսամյակներում և առնվազն 60 ժամ ժամաքանակով:
Ռեկտորի կարգադրությամբ ուսումնական գծով պրոռեկտորը, հաշվի չառնելով Հ. Խորիկյանի հիմնավորումը, հեռակա բաժնի առաջին կուրսերում համահամալսարանական «Հայոց պատմություն» դասընթացի ստուգումը կազմակերպեց անհատական աշխատանքով, ինչը հնարավորություն չի տալիս ստուգել դասընթացի վերջնարդյունքը: Պատահական չէ, որ 2018 թվականի փետրվարի 21-ին «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իրավացիորեն հիմնավորեց, որ «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների ստուգման ձևը պարտադիր պետք է քննություն լինի: Ազգային ժողովի դահլիճում գտնվող ՇՊՀ պրոռեկտոր Ե. Սերոբյանը լուռ նստած էր դահլիճում. համաձայն չէ՞ր պատգամավորի հետ:
(շարունակելի)

ՇՊՀ դասախոսներ`
Հովհաննես Խորիկյան
Գագիկ Համբարյան