Երեխայի միայն դեմքն էր անվնաս․ պատմում է Մեծամորի աղբավայրում մահացած նորածնին գտած աղբահանության աշխատակիցը

Երեխայի միայն դեմքն էր անվնաս․ պատմում է Մեծամորի աղբավայրում մահացած նորածնին գտած աղբահանության աշխատակիցը
Մարտ 3 23:47 2018

Փետրվարի 26-ին Մեծամորի աղբավայրում հայտնաբերված մահացած նորածնի մարմնի մասերից միայն դեմքը վնասված չի եղել։ NEWS.am-ի հետ զրույցում նորածնին գտած աղբահանության աշխատակից Մարտուն Մարուքյանը պատմեց, որ երկուշաբթի օրն է Մեծամորի աղբավայրում գտել նորածնին, սակայն երեխային շաբաթ օրն են նետել աղբանոցը, քանի որ այդ օրն են քաղաքի աղբը տանում աղբավայր։

«Երեքով աշխատում էինք, աղբի այրվող մասերն առանձնացրել եւ վառում էինք, մեկ էլ տեսնեմ, որ նորածնի դիակ է ընկած, մի կողմ տարա, որ կրակի մեջ չընկնի երեխան ու տեսա, որ երեխան հոշոտված է։ Մի ձեռքի մի մասը չկար, մյուսն ամբողջությամբ չկար, բայց դեմքն անվնաս էր»,- պատմեց աղբահանության աշխատակիցը՝ հավելելով, որ դրանից հետո անմիջապես ոստիկանություն են զանգել եւ հայտնել կատարվածի մասին։

Մեծամորի բնակիչ 37-ամյա Պայծառ Կ․-ի հարեւանները ցնցված են նրանից, որ Պայծառը կարող էր տանը ծննդաբերել եւ երեխային էլ նետել աղբանոցը։

NEWS.am-ի հետ զրույցում Պայծառի հարեւանուհին պատմեց, որ նախորդ 6 երեխաներին 37-ամյա կինը ծննդատանն է ունեցել։

«Ճիշտ է երկու երեխաները մի քանի ամսական չկային, որ մահացան, բայց նորմալ տարել, թաղել են։ Չենք էլ պատկերացնում՝ ինչ պետք է լինի, որ աղբանոցը նետեր երեխային՝ ողջ լիներ, թե մահացած»,-ասաց հարեւանուհին, ով չցանկացավ ներկայանալ։

37-ամյա Պայծառը հարեւանների հետ չի շփվել․ նրան միայն խանութ գնալուց, վերադառնալուց են տեսել եւ բարեւել։

Հարեւանները պատմեցին, որ վերջին ամիսներին դրսում հանդիպել են Պայծառին, բայց չեն նկատել նրա հղիությունը, քանի որ Պայծառը գեր է․ «Միշտ էլ շատ գեր է եղել Պայծառը, ձմեռն էլ վերակու է հագել, չենք նկատել նրա հղիությունը»։

Պայծառի հարեւանուհիններից Վերոնիկա Մարուքյանն էլ պատմեց, որ Պայծառի ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, հաշմանդամ է, եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ «Ճիշտ է՝ վատ են ապրում, բայց լավից, վատից 4 երեխաներին պահում էին, եւ կարող էին եւս մեկին պահել, ինչ տարբերություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում