Պահանջում ենք բացահայտել՝ ովքեր մարտի 1-ին սպանեցին մեր երեխաներին


Պահանջում ենք բացահայտել՝ ովքեր մարտի 1-ին սպանեցին մեր երեխաներին
Փետրվար 23 09:06 2018

Այսօր Ազգային ժողովում անցկացվում են «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումները, որի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև մարտի 1-ին զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով իր խոսքում նշեց, որ իրենց պահանջը բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի. «Մեր պահանջը միայն` բացահատել մարտի մեկի ոճրագործությունը՝ ո՞վ հրաման տվեց, և ովքե՞ր սպանեցին մեր երեխաներին, պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները և ո՛չ էլ հրաման տվողները»:

Սարգիս Քլոյանն ընդգծեց, որ թեև այն ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են բացահայտել կատարվածը, բայց մինչև այսօր ոչինչ չեն արել. «Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր` վկաների կեսն արտագաղթել են, իսկ կեսը չեն հիշում մարտի մեկի ոճրագործությունը: Պարո՛ն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երևի դուք էլ չէիք հիշի, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի մեկին, անցնի մի 20 տարի` ընդհանրաապես գոյություն չի ունեցել մարտի մեկը. սա ի՞նչ արտահայտություն է:

2008 թվականի մայիսի 4-ին էլ Սերժ Սարգսյանն իր զեկույցում ասաց, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ` պրոֆեսիոնալ, որոնցով հնարավոր է նկարահանածը մոտեցնել, հեռացնել, ու մեր իրավապահները կպարզեն տեսագրությունները: Այդ բանը չի հերքել ազգային անվտանգությունը, և ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, դուք խոստացաք՝ սայլը տեղից կշարժվի, բա ի՞նչ եղավ, պարո՛ն Կոստանյան, անցել է 10 տարի»:

Սարգիս Քլոյանը, նաև դիմելով ՀՀ իշխանություններին, նշեց. «Հույս չունենաք, թե մենք հետ ենք կանգնելու. ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն»։