«Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան

«Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան
Փետրվար 21 22:00 2018

Ակնհայտորեն Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել մեր տարածաշրջանում համագործակցային մթնոլորտի ձևավորումը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր ելույթում:

«Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Երբ տասը տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ: Սակայն, ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից», - ասել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է նաև, որ որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը:

«Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին», - ասել է նա: