ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց վթարափրկարարական ամենագնացներով


ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց վթարափրկարարական ամենագնացներով
Փետրվար 14 21:22 2018

Փետրվարի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Է. Ապրիամովը ներկա գտնվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակի հանձնման արարողությանը: Փոխնախարարը շրջեց նաև կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուստային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն:

Մարդասիրական կենտրոնին տրամադրված գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատի համար: «ԿԱՄԱԶ» մակնիշի վթարափրկարարական մեքենաներն ունեն 6x6 քարշակային համակարգ, օժտված են բարձրանցանելիությամբ և կարող են աշխատել դժվար անցանելի լեռնային գոտիներում: Դրանք կահավորված են նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով ու սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, լուսարձակներ, ծխաքաշ, գազահատիչ, պոմպեր և այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Այս մեքենայի կարևոր հատկանիշներից է կռունկ-մանիպուլյատորի առկայությունը, որը տարատեսակ արտակարգ իրավիճակներում կօգտագործվի մինչև 2 տոննա ծանրություն բարձրացնելու համար:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թ. ՀՀ ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: