Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի


Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի
Փետրվար 14 19:57 2018

1in.am-ը գրում է․

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Նազարյանի և Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը:

28-ամյա ըմբշամարտիկ Արթուր Նազարյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Գործի քննության սկզբում մեղադրանքներ էին առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքը փոփոխվել է:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը 2015 թվականի աշնանն ապօրինի ձեռք է բերել, պահել ու կրել է հրազեն հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի «Glock 19» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Բացի այդ, նա ձեռք է բերել ու պահել է ռազմամթերք հանդիսացող՝ «AK-74» տեսակի ինքնաձիգի և «РПК-74» տեսակի ձեռքի գնդացիրի 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ, «ДШК» տեսակի գնդացիրի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 3-ին, ժամը 18-ն անց 40-ի սահմաններում Արթուր Նազարյանն ընկերների՝ Ռոբերտ Գալստյանի, Ռոլանդ Գ.-ի, Դերենիկ Ս.-ի հետ, Ռոբերտ Գալստյանին պատկանող, հաշվառման համարանիշերը ռուսական համարանիշով փոխարինված սպիտակ գույնի «ՎԱԶ 217230» մակնիշի մեքենայով Արարատի մարզի Նորաշեն համայնքից ուղևորվել է դեպի Արտաշատ:

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Ռոբերտ Գալստյանը համընթաց ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենային վազանցելիս՝ կտրուկ մեքենան վարել է դեպի աջ ու խոչընդոտել է վերոհիշյալ «07»-ի ընթացքին, ապա շարունակել է ճանապարհը:

«ՎԱԶ-2107»-ում երթևեկում էր Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանը: Վերջինիս առաջարկով վարորդ Կարեն Ղազարյանն ընթացել է առաջ, հավասարվել է վազանց կատարած մեքենային ու կանգնել է նրա կողքին:

Գյուղապետը, առանց մեքենայից իջնելու, առջևի աջ պատուհանից դիտողություն է արել Ռոբերտ Գալստյանին՝ մեքենան կտրուկ իրենց մեքենայի ուղղությամբ վարելու, իրենց մեքենայի ընթացքին խոչընդոտելու համար:

Գյուղապետին կոպիտ պատասխան են տվել, «առաջացել է տհաճ խոսակցություն»:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Գալստյանի վարած մեքենայի հետնամասում նստած Արթուր Նազարյանը իջել է մեքենայից, մոտեցել է գյուղապետի մեքենային, միջամտել է խոսակցությանը, ապա գյուղապետ Նորայր Գրիգորյանից պարզաբանում է պահանջել՝ իրենց դիտողություն անելու, «իրենց հետ իբրև հեգնանքով խոսելու և վիճաբանություն հրահրելու համար»:

Ստեղծված իրավիճակը չսրելու և վիճաբանությունից խուսափելու նպատակով գյուղապետը իր վարորդին հորդորել է շարունակել ճանապարհը: Սակայն Արթուր Նազարյանը պահանջել է, որ նրանք կանգնեն:

Գյուղապետի մեքենան, այնուամենայնիվ, շարժվել է առաջ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը Նորայր Գրիգորյանի ու Կարեն Ղազարյանի կողմից իր պահանջները չկատարելը «ցավագին է ընդունել և խուլիգանական դրդումներով ոտքով հարվածել է «07»-ի հետևի աջ անվաթևին», այնուհետև մեքենայում գտնվողներին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նստել է Ռոբերտ Գալստյանի մեքենան ու պահանջել է, որ նա ընթանա գյուղապետի մեքենայի հետևից:

Ռոբերտ Գալստյանը մեքենան վարել է առաջ, հետևից՝ աջակողմյան հատվածով, հավասարվել է Կարեն Ղազարյանի վարած մեքենայի հետնամասի ձախակողմյան հատվածին, փորձել է խոչընդոտել նրանց ընթացքին ու կանգնեցնել՝ այդ կերպ օժանդակելով Արթուր Նազարյանի գործողություններին:

Արթուր Նազարյանը, ըստ մեղադրանքի, մեքենայի հետևի աջ դռան կիսաբաց լուսամուտից իր մոտ ապօրինի պահվող «Glock 19» ատրճանակով կրակել է «07»-ի ուղղությամբ:

Ռոբերտ Գալստյանը այդ կրակոցից հետո շարունակել է ընթանալ «07»-ի հետևից, հավասարվել է նրան, հետուառաջ է ընկել՝ շարունակելով օժանդակել Արթուր Նազարյանի գործողություններին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը «07»-ի ուղղությամբ ևս 3 կրակոց է արձակել և վարորդի առողջությանը պատճառելէ միջին ծանրության վնաս՝ աջ ուսագոտու փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների կույր, փոշտի կույր, ձախ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածքների, ձախ փոքր ոլոքի բաց բազմաբեկոր կոտրվածքների ձևով:

Վարորդին վնասվածքներ պատճառելուց հետո հետապնդողները դիմել են փախուստի:

Դատարանում Արթուր Նազարյանն ու Ռոբերտ Գալստյանն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Նազարյանը ըմբշամարտի ՀՀ առաջնությունների ու միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, բնութագրվում է դրական, նրա խնամքին են կինը, դեպքից հետո՝ 2017 թվականի հուլիսին ծնված որդին, վատառողջ հայրը: Արթուր Նազարյանն է ընտանիքի միակ կերակրողը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում