Ադրբեջանում ընտրություններից առաջ չի բացառվում սահմանին լարվածության մեծացումը

Ադրբեջանում ընտրություններից առաջ չի բացառվում սահմանին լարվածության մեծացումը
Փետրվար 14 17:33 2018

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարեւան ենք մի երկրի, որը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիա իրականացնել: Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,- ասաց նա:

Սաֆրաստյանի խոսքով` Ադրբեջանն ամեն կերպ հարվածներ է հասցնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, եւ ժամանակ առ ժամանակ այդ հարվածներն ընդունում են սուր բնույթ: «Չեմ կարծում,որ Ադրբեջանը ներկայումս իրական ցանկոթյուն ունի դուրս գալու Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ես ենթադրում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանը կփորձի կորզել որոշակի առավելություն բանակցային գործընթացում»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաեւ սիրիական իրադարձությունների հետ կապված: «Ադրբեջանում ճնշումները գնալով ուժեղանում են, եւ դա անհանգստացնում է Ալիեւին»,-նշեց նա: