Ավարտվել է Սյունիքում ծառերի ապօրինի հատման փաստերը թաքցնելու համար պաշտոնյաներին կաշառելու գործի նախաքննությունը


Ավարտվել է Սյունիքում ծառերի ապօրինի հատման փաստերը թաքցնելու համար պաշտոնյաներին կաշառելու գործի նախաքննությունը
Փետրվար 13 21:44 2018

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար:

Բացի այդ, շահադիտական եւ անձնական այլ դրդումներով ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, ապօրինի անտառհատման իրական ծավալները արտացոլող հաշվեգնահատման ցուցակները, ինչպես նաեւ նույն դրդապատճառով համապատասխան ստուգման ակտում մտցրել են կեղծ տեղեկություններ` կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այսպես, 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ի թիվս այլոց ընդգրկված են եղել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանանտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը եւ նույն տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը: Ստուգման ընթացքում վերը նշված անտառտնտեսության երեք, այդ թվում` «Արծվանիկ» անտառպետությունում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետեւանքով բնությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես, մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու եւ դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, ով խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը կապ է հաստատել եւ բանակցել իր մտերիմ, նույն տեսչության անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի հետ, ապա` խնդրել նրա միջամտությունը, որպեսզի նշված անտառպետությունում ստուգող խմբի կողմից «մեղմ» ստուգումներ անցկացվեն, եւ արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, ով Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի եւ Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ:

Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը եւ այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները պատռել են, ապա` կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաեւ, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել եւ իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի եւ 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազատ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի եւ Վասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



loading...